Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Պաշտպանության նախարարին

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Հունաստանի Պաշտպանության նախարարին 18.12.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Պաշտպանության նախարարին

     Դեկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
     Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն պտղաբեր կլինի և կնպաստի երկու բանակների հզորացմանը և հմտությունների առավել զարգացմանը:
     Վեհափառ Հայրապետն ի մասնավորի անդրադարձավ պատմության ընթացքում հայ և հույն ժողովուրդներին բաժին ընկած դժվարություններին և այսօրվա մարտահրավերներին:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ջերմ հարաբերությունների մասին, որի աջակցությամբ Մայր Աթոռի միաբաններին կրթաթոշակներ են հատկացվում Աթենքի Աստվածաբանական համալսարանում ուսումը շարունակելու համար:
     Նախարար Պանոս Կամմենոսն իր հերթին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար: Մասնավորապես պրն. Կամմենոսն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական անցյալին և երկու երկրների, մասնավորապես ռազմական ոլորտում Պաշտպանության նախարարությունների միջև ներկայիս ձևավորված սերտ գործակցությանը:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նախարարը խոսեցին նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին: Այս առիթով Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Սրբալույս Մյուռոնի օրհնության կապակցությամբ Մայր Աթոռում կազմակերպված միջոցառումներին Հույն Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցության և Հայ Եկեղեցուն ու ժողովրդին բերած զորակցության մասին:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց նաև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գործունեությունը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: