Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահին 27.02.2014
Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահն Մայր Աթոռում

     
Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և երկու երկրների դեսպանների:
     Ողջունելով Հունաստանի Խորհրդարանի նախագահի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին ու գործակցությանը, որ համահունչ է հավատակից երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ պատմության մեջ երկու ժողովուրդներին ծանր հարվածներ են հասցվել, որոնք շատ հաճախ հաղթահարվել են փոխադարձ զորակցությամբ և միասնական ոգով:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հունաստանի Խորհրդարանի նախագահն անդրադարձան 2015 թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Նորին Սրբությունը ներկայացրեց Հայ Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումները, կազմակերպվելիք հիշատակի հոգևոր արարողությունները` վստահություն հայտնելով, որ Քույր Եկեղեցիների պետերն ու տարբեր երկրների ներկայացուցիչներն իրենց մասնակցությունը կբերեն այդ կարևոր ձեռնարկներին` հանուն մարդկության խաղաղ ու անվրդով ապագայի:
     Այս կապակցությամբ տիար Մեյմարակիսը նշեց, որ Հունաստանը հայ ժողովրդին մշտապես զորակցել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում և Հունաստանի Խորհրդարանը պատրաստակամ է իր մասնակցությունը բերել նաև տարելիցի միջոցառումներին:
Հանդիպմանը խոսվեց նաև Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև հայ-հունական կապերի սերտացման գործում Հունաստանի հայ համայնքի և Հայոց թեմի կարևոր դերակատարության մասին: