Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» դպրոցի սաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» դպրոցի սաներին 26.04.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» դպրոցի սաներին

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հովնանյան» դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի և դպրոցի պաշտոնեության ներկայացուցիչների:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով «Հովնանյան» դպրոց-վարժարանի սաներին ու պաշտոնեությանը, ընդգծեց, որ մեծ ուրախությամբ է հերթական անգամ Մայր Աթոռում հյուրընկալել այս նվիրական կրթօջախի ուշիմ հայորդիներին, ովքեր, գալով Մայր Հայրենիք, վերստին հնարավորություն են ստանում մոտիկից ծանոթանալու այն սպասելիքներին, որ իրենցից ակնկալում է Հայ Եկեղեցին ու հայ ժողովուրդը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ այս տևական այցելությունները պետք է աշակերտների գիտակցության մեջ նորանոր տեսիլքներ արթնացնեն, որոնցով տոգորված` աշակերտները պետք է առավել նախանձախնդրորեն սերտեն հայ ժողովրդի պատմության հին ու նոր էջերը, որպեսզի զորավորվեն հայրենի հարուստ ավանդներով:

Անդրադառնալով օրեր առաջ Մայր Աթոռում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը` Նորին Սրբությունը քաջալերեց դպրոցի աշակերտներին ու պաշտոնեությանը, որպեսզի նրանք գիտակցեն, թե ինչու և ինչպես նահատակվեցին մեր նախնիները և թե ինչպիսի իղձեր ու սպասումներ ունեին այսօրվա մատաղ սերնդից:

Ամենայն Հայոց Հայրապետի հետ ունեցած հանդիպումից հետո «Հովնանյան» դպրոցի աշակերտներն այցելեցին նաև Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալու այն բարձրարժեք սրբություններին, որոնք պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: