Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի փոխնախագահին
Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատին` ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի եւ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիպակ Վոհրայի ուղեկցությամբ:
«Ուրախ եմ, որ ձեր այցը այստեղ բավականին խանդավառություն եւ ուրախություն է ստեղծել, որովհետեւ ձեր այցով վերանորոգվում են երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված պատմական բարի հարաբերությունները, որոնց վկայությունն այսօր Հնդկաստանում գտնվող հայոց եկեղեցիները, Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը եւ բազում այլ հիշատակություններն են: Չենք եղել ձեր երկրում, սակայն ճանաչում ենք այն եւ սիրում ենք Հնդկաստան երկիրը եւ բարությունը ձեր ժողովրդի»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` բարի գալուստ մաղթելով Հնդկաստանի փոխնախագահին եւ իր գլխավորած պատվիրակությանը եւ ուրախություն հայտնելով երկու պետությունների միջեւ տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում զարգացող սերտ համագործակցության առիթով:
Վեհափառ Հայրապետն առանձնակի գոհունակությամբ անդրադարձավ այն բարի եւ ջերմ հարաբերություններին, որ առկա են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հնդկաստանի դեսպանատան միջեւ: Նորին Սրբությունը ի դեմս փախնախագահի իր շնորհակալությունը եւ երախտագիտությունը հայտնեց նաեւ Հնդկաստանի իշխանություններին հայ ժողովրդի` պատմության ընթացքում կերտած հուշարձանների նկատմամբ դրսեւորվող հոգածության եւ ուշադրության, ինչպես նաեւ Հայաստանյայց եկեղեցուն ցուցաբերվող աջակցության համար, որի շնորհիվ այսօր երիտասարդ հոգեւորականներ Հնդկաստանում կատարելագործում են իրենց գիտելիքները գիտական տարբեր ասպարեզներում:
Իր հերթին, Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատին, ուրախություն հայտնելով հնագույն քրիստոնյա երկրում գտնվելու առիթով, արձանագրեց. «Ես այստեղ եմ իբրեւ ուխտավոր: Սա սուրբ վայր է` լցված խաղաղության եւ նվիրումի աստվածային ոգով: Ես մեծապես տպավորված եմ հավատի հանդեպ հայ ժողովրդի նվիրումով եւ վերջինիս համար կրած չարչարանքներով, որը պահպանել է ձեզ փորձությունների եւ դժվարությունների ժամանակ: Թող աստվածային այս սուրբ վայրը շարունակի տարածել խաղաղության եւ համընդհանուր եղբայրության պատգամը»: Պրն. Շեխավատին նաեւ շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը կործանարար ցունամիի առիթով հայտնած կարեկցանքի եւ մխիթարանքի համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ ահաբեկչության խնդրին եւ աշխարհի առջեւ ծառացած մարտահարավերներին, որոնց հաղթահարման մեջ կարեւորվեց կրոնների առաքելությունը: Նշվեց, որ առանց կրոնների միջեւ համերաշխության չի կարող եղբայրություն հաստատվել ժողովուրդների եւ պետությունների միջեւ: Այս ամենի մեջ կարեւորվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դերը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը: