Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ուղղեց Հնդկաստանի դեսպանին նշանակման առիթով և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան Հայաստանում:
Զրույցի ընթացքում խոսվեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների, Հնդկաստանում հայ համայնքի պատմական ներկայության, ինչպես նաև Կալկաթայի հայ համայնքի և Հնդկաստանում հայկական եկեղեցիների ներկայիս վիճակի մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը` այս առնչությամբ շնորհակալություն հայտնելով Հնդկաստանի դեսպանատանը` Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցության համար: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ նոր դեսպանի ջանքերի շնորհիվ Մայր Աթոռի և դեսպանատան միջև հարաբերությունները կշարունակվեն հատկանշվել նույն ջերմությամբ ու արդյունավետությամբ: