Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովի մասնակիցներին
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովի շուրջ 80 մասնակիցներին` առաջնորդությամբ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի:
ՀՀ Սփյուռքի նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց տարբեր երկրներից ժամանած ճարտարապետներին եւ համաժողովի կատարած աշխատանքները` մեծապես կարեւորելով այս ձեռնարկն իբրեւ մեծ գործի սկիզբ:
Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Սփյուռքի նախարարին Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ սերտ կապերի հաստատման ուղղությամբ կատարվող քայլերի համար` մաղթելով բարի արդյունքներ` ի շինություն Հայրենիքի եւ ի բարօրություն աշխարհասփյուռ մեր ազգի: Նորին Սրբությունը պատգամեց ճարտարապետներին, որ ուր էլ ապրեն եւ գործեն, լինեն կրողը հայկական ճարտարապետության ավանդների եւ նպաստեն դրա զարգացմանը:
Անդրադառնալով համաժողովի կարեւորությանը` Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այն նոր առիթ պիտի լինի տաղանդաշատ ճարտարապետների համար իրենց կարողությունները եւ փորձառությունը շաղախելու Հայրենիքում ձեւավորված ճարտարապետական ավանդների հետ եւ առավել զորացնելու հայկական ճարտարապետական մշակույթը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի աշխատանքներին: