Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմին 01.12.2015
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմը Մայր Աթոռում


     Դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմին՝ ուղեկցությամբ գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի:
     Հրատարակչության գլխավոր խմբագիրը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց «Հայկական հանրագիտարան»-ի գործունեությունը և մասնավոր անդրադարձ կատարեց վերջերս լույս ընծայված «Գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի հրատարակությանն ու առաջիկա ծրագրերին:
     Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակիցներին՝ իրենց աշխատանքն ու առաքելությունը նվիրումով և պատասխանատվությամբ իրականացնելու համար: Վեհափառ Հայրապետը կարևորեց անցնող տասնամյակների ընթացքում հրատարակչության կողմից արձանագրված ձեռքբերումները:
     Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Հայկական հանրագիտարան» հրատարակչության միջև գործակցության մասին:
     Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը հրատարակչական, կրթական, սոցիալական և տարբեր այլ ոլորտներում: Անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելությունը` Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին առաջին հերթին կերտում է հայ մարդուն` օժտված բարոյական բարձր արժեքներով և նկարագրով, տոգորված Հայրենիքի նկատմամբ սիրով և նվիրումով:
     Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց հրատարակչության աշխատակիցների հարցերին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: