Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Սիրիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հուլիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:
Հանդիպմանը Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ Սիրիայում տիրող իրավիճակին` խորին ցավ հայտնելով հակամարտության հետևանքով Սիրիայի ժողովրդի կրած կորուստների և պատճառված ավերածությունների համար: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայոց Եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել ծանր կացության մեջ գտնվող Սիրիայի ժողովրդին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Աստծու օգնականությամբ Սիրիայում խաղաղություն ու համերաշխություն կհաստատվի և Սիրիայի աստվածասեր ժողովուրդը կվերագտնի իր բնականոն կյանքի ընթացքը:
Իր հերթին տիար Իսսամ Նայալն Սիրիայի ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Եկեղեցուն` ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Նորին Սրբությանը փոխանցեց նաև Սիրիայի գլխավոր մուֆթի շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասանի ողջույնները:
Վերջում Վեհափառ Հայրապետը, վերստին կարևորելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին արդյունավոր առաքելություն մաղթեց Հայաստանում: