Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Հոկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրաժեշտ տալով առաքելությունը Հայաստանում ավարտող տիկ. Գերչևային, իր գնահատանքը հայտնեց նրան` պաշտոնավարման տարիներին Հայաստանի ժողովրդին մատուցված օգտաշատ ծառայությունների համար` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ: Վեհափառ Հայրապետը նաև բարձր գնահատեց ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից երկրի զարգացմանն ուղղված զանազան ծրագրերը, ինչպեսև Մայր Աթոռի հետ ձևավորված համագործակցությունը:
Նորին Սրբությունը, շնորհավորելով ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, մաղթեց, որ ՄԱԿ-ի բոլոր ծառայություններն արդյունավոր լինեն և նպաստեն մարդկության խաղաղ ու ապահով կյանքին:
Հանդիպմանը նաև անդրադարձ եղավ Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու խնդրին և այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների և Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին: