Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հունաստանի դեսպանին

Դեկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց արդյունավոր գործունեություն Հայաստանում: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց երկու երկրների միջեւ առկա սերտ համագործակցությունը` անդրադառնալով մասնավորապես երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամությանը եւ Հայ Առաքելական եւ Հույն Ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարաբերությունները Հունաստանի դեսպանատան հետ միշտ ջերմ են եղել, վստահություն հայտնեց, որ նոր դեսպանի պաշտոնավարման շրջանը եւս կհատկանշվի սերտ համագործակցությամբ ու բարի արդյունքներով:

Հանդիպման ընթացքին Նորին Սրբությունը անդրադարձավ նաեւ ԱՄՆ Հովվապետական իր այցի ժամանակ Հույն Ուղղափառ Եկեղեցու պետ Քրիստոդուլոս Արքեպիսկոպոսի հետ ունեցած իր տեսակցությանը: