Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպանին

Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին:

Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց դեսպանին տեսնելու առիթով եւ շնորհավորեց նոր նշանակման կապակցությամբ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարաբերությունները Իտալիայի դեսպանատան հետ միշտ ջերմ են եղել, եւ վստահություն հայտնեց, որ դեսպանի գործունեության շրջանը կհատկանշվի ջերմ համագործակցությամբ եւ բարի արդյունքներով:

Իր հերթին Իտալիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրեց, որ պիտի շարունակի նպաստել երկու ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանը:

Հանդիպման ընթացքին նաեւ անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների ընդհանրություններին, Հայաստանյայց Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա սերտ հարաբերություններին եւ համագործակցությանը, խոսվեց երկու երկրների հոգեւոր կյանքի մասին: