Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Արգենտինայի դեսպանին
Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոյին:
Ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները հայտնեց նորանշանակ դեսպանին եւ շնորհավորեց նրան Արգենտինայի ազգային տոնի առիթով: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Հայաստանի ու Արգենտինայի միջեւ առկա ջերմ հարաբերությունների առիթով: Հայոց Հայրապետը ջերմությամբ վերհիշեց նաեւ 2004-ի մայիսին իր Հովվապետական այցը Արգենտինա:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Արգենտինայի հայ համայնքի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության եւ ժողովրդի կյանքում Եկեղեցու կարեւոր առաքելության մասին: