Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչին:

Ողջունելով դեսպանի այցը Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները հայտնեց նորանշանակ դեսպանին` հաջողություններ մաղթելով իր առաքելության ընթացքում: Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու պետությունների հարաբերությունների առավել զորացմանը: Նորին Սրբությունը նաեւ ի դեմս դեսպանի շնորհակալություն հայտնեց ԱՄՆ իշխանություններին Հայաստանին բերած զորակցության համար:

Տիկ. Յովանովիչը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին օրհնության եւ բարեմաղթանքների համար` վստահեցնելով, որ իր կարելին պիտի անի երկու ժողովուրդների մերձեցման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին եւ հասարակական կյանքում Եկեղեցու դերակատարությանը: