Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի և Արգենտինայի Մխիթարյան վարժարանների սաներին
Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի և Հայաստանի Մխիթարյան վարժարանների սաներին` ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հ. Սերովբե վարդապետ Չամբուրլյանի:
Հանդիպման այս առիթն ընձեռելու և ջերմ ընդունելության համար Հայր Սուրբը սաների անունից իր շնորհակալական խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին:
<<Դյուրին չէ հոգևոր-կրոնական հաստատության մեջ ուսանելը, շատ զոհողություններ են պահանջվում անձից, ուստի անհրաժեշտ է, որ դուք հիմա ձեր անձը լավ կրթեք, լավ դաստիարակեք, որպեսզի պատրաստ լինեք ապագա ծառայությանը>>, - նշեց Վեհափառ Հայրապետը` մաղթելով սաներին լավ սովորել և արժանավոր զավակներ դառնալ հայոց ազգի և Հայրենիքի համար:
Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես պատգամեց պատանիներին լավ սերտել մայրենի լեզուն` նշելով, որ լեզուն բանալին է հայի ինքնության և որի շնորհիվ է միայն հնարավոր հայոց պամության ու մեր հայրերի թողած ժառանգության յուրացումը, նրանց արժեքներով կրթվելն ու դաստիարակվելը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայրական իր օրհնությունը բերեց վարժարանների սաներին, ինչպես նաև իր գնահատանքի խոսքը` Հայր Սերովբեին իր նվիրյալ ծառայության համար: