Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի փաստաբանների պալատի անդամների և հյուրերին

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի փաստաբանների պալատի անդամների և հյուրերին 23.04.2014
Փաստաբանների պալատի անդամները Մայր Աթոռում

     Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց փաստաբանների միջազգային միության անդամներից, աշխարհի տարբեր երկրների փաստաբանական պալատների նախագահներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի:
     Հանդիպման սկզբում ՀՀ փաստաբանների պալատի նախագահն անդրադարձավ պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակին և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
     Ողջունելով պավիրակության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու ազգապահպան դերակատարությունն ու առաքելությունը:
     Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան` կարևոր նկատելով նաև ներկաների առաքելությունը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտություն ու գոհունակություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը` հույս հայտնելով, որ Հայոց Եղեռնի ճանաչման և դատապարտման ջանքերը միջազգային հանրության կողմից պիտի շարունակվեն, որպեսզի մարդկության կյանքում կանխարգելվեն նման անմարդկային ոճրագործությունները:
     Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: