Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին 12.10.2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց միջազգային ընկերակցության (ՀԿՄԸ) 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին` ուղեկցությամբ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հանդիպման սկզբում ՀՀ Սփյուռքի նախարարը, շնորհակալություն հայտնելով համայն հայության հոգևոր կենտրոնում ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց համաժողովի կողմից իրականացվող ազգօգուտ աշխատանքները` կարևորելով նաև Հայաստան-Սփյուռք կապերի զորացմանն ի նպաստ ընկերակցության անդամների ջանքերը և ներդրումը:
Այնուհետև համաժողովի մասնակից հայ կանանց իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը ողջունեց ՀԿՄԸ հերթական համաժողովի գումարումը Հայրենիքում և այս առնչությամբ գովելի նկատեց Սփյուռքի նախարարության կողմից հայորդիների համախմբմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:
Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց ներկա հայ կանանց` աշխարհասփյուռ հայ ժողովրդին, Հայոց Եկեղեցուն և Հայրենիքին բերած իրենց նվիրյալ ծառայության համար: Նորին Սրբությունն ընդգծեց, որ կինը հիմնասյունն է հայ ընտանիքի և հայ օջախի, այլև ազգային կյանքի ու պետության, ում ձեռքերում կերտվում է հայ ժողովրդի վաղվա օրը, ում շնորհիվ պայծառանում է հայ կյանքը, զորանում Հայրենիքն ու Եկեղեցին:
Հայ կանանց միջազգային ընկերակցության անդամներին Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց առավել ջանքեր գործադրել, որպեսզի շատ հայ կանայք ներգրավվեն ՀԿՄԸ շարքերում և ամբողջապես ընդգրկվեն ազգային կյանքի խնդիրների կարգավորման գործում:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև որդեծնության խնդրին` նշելով, որ ընկերակցության անդամները ևս պետք է իրենց հերթին տարբեր ծրագրերով խթանեն և քաջալերեն երիտասարդ ընտանիքներին 2015 թ. իրենց ընտանեկան կյանքը հարստացնել զավակի ծննդյամբ, ինչը ոչ միայն արժանի հատուցում կլինի Հայոց Ցեղասպանության հայ նահատակների հիշատակի առջև, այլև մեծապես կնպաստի հայության առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդրի կարգավորմանը:
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին 2015 թ. ապրիլի 23-ին Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասմանը, 100-րդ տարելիցի առիթով 2015 թ. Հայ Եկեղեցու կողմից կազմակերպվող հիշատակի միջոցառումներին և ազգային-եկեղեցական կյանքում կանանց դերակատարությանը:
Համաժողովի մասնակիցները Մայր Տաճարում մասնակցեցին նաև Ս. Պատարագի արարողությանը: