Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հակազդեցություն միջուկային եւ ռադիացիոն ահաբեկչությանը» թեմայով սեմինարի մասնակիցներին
Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Առաջավոր գիտությունների տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած «Հակազդեցություն միջուկային եւ ռադիացիոն ահաբեկչությանը» թեմայով սեմինարի մասնակիցներին:
Սեմինարի աշխատանքների նպատակներն ու ընթացքը Նորին Սրբությանը ներկայացրեց Առաջավոր գիտությունների տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Ապիկյանը:
Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը` ողջունելով սեմինարի` Հայաստանում անցկացման նախաձեռնությունը: «Մեր բարեմաղթանքն է, որ ձեր ներդրած ջանքերը բարի արդյունավորում ունենան եւ ծառայեն աշխարհում խաղաղության եւ ապահովության պահպանման նվիրական գործին», - ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը: Նորին Սրբությունը անդրադարձավ նաեւ Հայ Եկեղեցու պատմությանը եւ ներկայիս գործունեությանը: