Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին
Հունիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք ուրախ ենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում նման օգնություն է ցուցաբերվում Հայաստանի տնտեսությանը: Իրապես, մեծ է այն օգնությունը, որ այսօր մատուցվում է մեր ժողովրդին»,- նշեց Նորին Սրբությունը, ողջունելով դեսպան Ջոն Դանիլովիչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ իր գոհունակությունն ու գնահատանքը հայտնելով «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության գործունեության համար:
Վեհափառ Հայրապետը հյուրերին ներկայացրեց նաեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությունը, համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման պատմությունը, անդրադարձավ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դժվարություններին, ներկայիս գործունեությանը:
Իր հերթին «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Հայաստան այցի մանրամասներ եւ ուրախություն հայտնեց այս ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքի համար: «Վստահ ենք, որ այս ծրագիրը մեծ օգտակարություն կունենա Հայաստանի բնակչության համար»,- ասաց պրն. Դանիլովիչը: