Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Նորին Սրբությունն անդրադարձավ այն կարեւոր ծառայությանը, որ դեսպանատունը կատարում է երկու բարեկամ երկրների հարաբերությունների սերտացման, զորացման եւ հետագա զարգացման համար: Հայոց Հայրապետն երախտագիտությամբ խոսեց նաեւ հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի առանձնահատուկ վերաբերմունքի մասին` ի մասնավորի անդրադառնալով Ֆրանսիայի վճռական կեցվածքին Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում:
Իր հերթին պրն. Ռենոն նշեց, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի ինքնության հզոր տարրերից մեկն է, որի զորեղ ուժով եւ դարավոր մաքառումների գնով է պայմանավորված հայ ազգի գոյությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Եկեղեցու առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման ուղիներին, Ֆրանսիայի հայոց թեմին եւ հայ համայնքի կյանքին:
Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը դեսպանին մաղթեց բարի առաքելություն Հայաստանում: