Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի նորանշանակ դեսպանին
Հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ռուսաստանի դեսպանին նշանակման առիթով` իր աղոթքն ու բարեմաղթանքները բերելով նրա առաքելության հաջող իրականացման և արդյունավորման համար:
Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններին` ուրախությամբ արձանագրելով, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իր կարևոր ներդրումն ունի նաև Հայոց Եկեղեցին:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց տարբեր բնագավառներում հարաբերությունների առավել սերտացումը, ապա անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին և Ռուսաստանի հայկական համայնքի հոգևոր կյանքին: