Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին 22.12.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

Դեկտմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվըրթին:

Նորին Սրբությունը, շնորհավորելով վերջինիս նշանակման առիթով, մասնավորապես անդրադարձավ երկու երկրների, ինչպես նաև Հայ ու Անգլիկան Եկեղեցիների միջև առկա հարաբերություններին: Վեհափառ Հայրապետը գոհանուկությամբ արձանագրեց նաև այդ կապերի ամրապնդման գործում Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ստանձնած ազգապահպան առաքելությանը, Հայոց Ցեղասպանության և խորհրդային տարիներին Հայ Եկեղեցու կրած ծանր կորուստներին և ներկայիս մարտահրավերներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Միացյալ Թագավորության դեսպանին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ձեռնարկված քայլերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: