Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին 18.06.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

     Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչիին:
Նորին Սրբությունը, նշանակման առիթով շնորհավորելով պրն. Էյձի Տագուչիին, հույս հայտնեց, որ նոր դեսպանի գործունեության շնորհիվ հայ-ճապոնական հարաբերություններն էլ ավելի կջերմանան, երկու բարեկամ ժողովուրդների համար կբացվեն համագործակցության նորանոր հեռանկարներ: Վեհափառ Հայրապետը նաև գնահատանքով անդրադարձավ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությանը:
     Իր հերթին Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին նշեց, որ մեծ ուրախությամբ է ստանձնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պարտականությունները, քանի որ տեղյակ է հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային հարուստ կյանքին և խորին հարգանք է տածում հայության հանդեպ: Դեսպանը նաև տեղեկացրեց, որ գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձնելու երկու ժողովուրդների միջմշակութային կապերի ամրապնդմանը:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: