Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Հունգարիայի դեսպանին
Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Արպադ Սեկեյին (նստավայրը` Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը փոխանցեց նրան իր գնահատանքն ու բարեմաղթանքները: «Մեզ համար ուրախալի է տեսնել, որ նոր մակարդակի վրա զարգացում են ապրում երկու երկրների փոխհարաբերությունները` համարժեք այն կապերին, որ պատմականորեն ձեւավորված են եղել երկու ժողովուրդների միջեւ»,- ասաց Նորին Սրբությունը: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ Հունգարիայի իշխանությունների հոգատարությունն ու բարյացակամ վերաբերմունքը վայելող հայ համայնքի կյանքին:
Իր հերթին դեսպանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, անդրադարձավ 28 տարիներ առաջ Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր կատարած առաջին այցին: Դեսպանը Նորին Սրբությանը ներկայացրեց նաեւ Հունգարիայի քաղաքական եւ կրոնական իրավիճակը:
Հանդիպմանը խոսվեց նաեւ հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւոր դերի եւ առաքելության մասին, անդրադարձ կատարվեց Եկեղեցու գործունեությանը եւ միջեկեղեցական հարաբերություններին: