Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի դեսպանին
Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց դեսպանին` վստահություն հայտնելով, որ վերջինս իր առաքելության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Ապա անդրադառնալով երկու երկրների գործակցությանը` Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ ջերմ և սերտ փոխհարաբերությունները կշարունակեն բարի արդյունքեր բերել երկու ժողովուրդներին:
Լիբանանի դեսպանն իր հերթին մեծապես կարևորեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը և բարձր գնահատեց այդ գործում Հայ Եկեղեցու դերակատարությունը:
Վեհափառ Հայրապետն ու տիար Ժ. Մաքարոնը խոսեցին նաև Լիբանանի հայ համայնքի մասին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո Լիբանանի ժողովրդի բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հայ ժողովրդի զավակները կարողացան կարճ ժամանակում Լիբանանում վերակազմակերպել իրենց ազգային, հոգևոր-մշակութային կյանքը և մեծ ներդրում ունենալ երկրի կյանքի տարբեր բնագավառներում: