Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանին 18.09.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանին

     Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
     Նորին Սրբությունը, նշանակման առիթով իր հայրապետական օրհնությունը փոխանցելով պրն. Նազարուկին, մաղթեց օրհնյալ և հաճելի ծառայություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ վերջինիս նախանձախնդիր գործունեության շնորհիվ հայ-բելառուսական հարաբերությունները կպսակվեն բարի արդյունքներով` ի բարօրություն և ի պայծառություն երկու բարեկամ ժողովուրդների:
     Իր հերթին դեսպանը փաստեց, որ ինքը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել Հայաստանում Բելառուսի դեսպանի պարտականությունները: Տիար Իգոր Նազարուկը հավելեց նաև, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի հերոսական   պատմությանն ու մշակութային հարուստ կյանքին և խորին հարգանք է տածում քրիստոնյա առաջին ժողովրդի նկատմամբ:
     Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Բելառուսի հայ համայնքի կյանքին:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: