Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին
Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասիմիին:
Ողջունելով նորանշնակ դեսպանին և Հայաստանում բարի առաքելություն մաղթելով նրան՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ դեսպանի ներկայությունն ավելի պիտի զորացնի երկու ժողովուրդների պատմական կապերը և ընդլայնի երկրների միջև համագործակցությունը: Նորին Սրբությունը երախտագիտությամբ ընդգծեց, որ արաբ ժողովուրդը Հայոց Ցեղասպանության տարիներին եղեռնահար հայ ժողովրդի զավակներին ապաստան տվեց, հնարավորություն ընձեռեց իրենց ազգային-եկեղեցական ավանդույթներով ազատորեն վերակազմակերպելու իրենց կյանքը, կառուցելու եկեղեցիներ ու դպրոցներ և վայելելու արաբական պետությունների հոգատար վերաբերմունքը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ երկու ժողովուրդների հարաբերություններն այսօր հատկանշված են բարեկամությամբ, որի բարի դրսևորումներից է նաև Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ ներդրումը Հաղարծնի պատմական վանական համալիրի նորոգության գործում:
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն իր հերթին ջերմ ընդունելության համար խորին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ հավաստիացնելով, որ իր ջանքերն ուղղված են լինելու երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում առկա կապերի առավել ամարապնդմանը: Դեսպանն անդրադարձավ նաև Արաբական Միացյալ Էմիրություններում կրոնական հանդուրժողականությանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱՄԷ դեսպանն անդրադարձան Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգություն հայտնեց վերջին շրջանում տեղ գտած զարգացումների և ծայրահեղական ուժերի կողմից քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի դեմ սանձազերծված վայրագությունների և ահաբեկչությունների առիթով: Խստորեն դատապարտելով օրեր առաջ Հալեպում 15-րդ դարի Սրբոց Քառասնից մանկանց հայկական եկեղեցու միտումնավոր պայթեցումը` Վեհափառ Հայրապետը նկատեց, որ այս քայլն Աստծու դեմ գործված արարք է, որն անընդունելի է բոլոր կրոնների համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով` այն ստվերում է իսլամ և քրիստոնյա ժողովուրդների դարավոր խաղաղ համակեցությունը: Նորին Սրբությունը նաև վստահություն հայտնեց, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի մարդկային կյանքում վերջ դնել և կանխարգելել բոլոր նման դատապարտելի արարքները:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: