Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
Մայիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Պիտեր Մարտին Թեշին (նստավայրը` Մոսկվա):
Ողջունելով դեսպանին և բարի առաքելություն մաղթելով նրան՝ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ դեսպանի ջանքերով ավելի կզորանան երկու ժողովուրդների կապերը և կընդլայնվեն երկրների միջև համագործակցությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ երկկողմ հարաբերությունների սերտացման համար կարևոր կամուրջ է հանդիսանում Ավստրալիայի հյուրընկալ հողում հաստատված հայ համայնքը: Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց հայ համայնքի հանդեպ Ավստրալիայի իշխանությունների կողմից դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Հայոց Հայրապետը, ի դեմս դեսպան Թեշի, իր երախտագիտությունը հայտնեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախության, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին բերած աջակցության համար:
Իր հերթին Ավստրալիայի դեսպանը խորին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ հավաստիացնելով, որ, հակառակ աշխարհագրական հեռավորության, իր ջանքերն ուղղված են լինելու երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում առկա կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Նա գնահատանքով անդրադարձավ նաև Ավստրալիայի հայ համայնքի կարևոր ներգրավվածությանը երկրի կյանքի տարբեր ոլորտներում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար հոգևոր առաջնորդների կողմից գործադրվող ջանքերի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների, ինչպես նաև հասարակության կյանքում Հայոց Եկեղեցու դերակատարության և ժամանակակից մարտահրավերների մասին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: