Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Ա. Հեֆերնին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանին և իր բարեմաղթանքները բերելով նրա առաքելությանը, անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ և սերտ հարաբերություններին: Նորին Սրբությունն ի դեմս դեսպանի շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի իշխանություններին` տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի և մասնավորապես հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Մինսկի խմբի համանախագահների և խմբի համանախագահող երկրների նախագահների կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին` ի խնդիր տարածաշրջանում խաղաղության և համերաշխության մթնոլորտի ձևավորման:
Զրույցի ընթացքում դեսպանին ներկայացվեցին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու գործունեությունը կյանքի տարբեր ոլորտներում և Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ:
Իր հերթին նորանշանակ դեսպանն ուրախություն հայտնեց Մայր Աթոռում լինելու կապակցությամբ և շնորհավորեց Վեհափառ Հայրապետին ծննդյան 60-ամյակի և գահակալության 12-րդ տարեդարձի առիթով:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: