Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին
Մայիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության աշխատակիցներին և այլ երկրների համանուն ծառայությունների ներկայացուցիչներին` գլխավորությամբ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն ուղղեց Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին` ծառայության հաստատման 15-ամյակի կապակցությամբ: Նորին Սրբությունը ողջունեց նաև տոնական միջոցառումների առիթով Հայաստան ժամանած այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներին` գոհունակություն հայտնելով երկրների հարկադիր կատարման կառույցների միջև ձևավորված համագործակցության համար: Նորին Սրբությունը կարևորեց ծառայության առաքելությունը` երկրում օրինականության հաստատման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույցի մեջ անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու պատմական առաքելությանը ժողովրդի կյանքում, հասարակության մեջ քրիստոնեական արժեքների առավել ամրապնդման անհրաժեշտությանը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: