Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ոստիկանության կոլեգիայի անդամներին

Դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ոստիկանության կոլեգիայի կազմին` առաջնորդությամբ ՀՀ Ոստիկանության պետ Տիար Ալիկ Սարգսյանի, ովքեր Ս. Էջմիածին էին եկել նախատոնական այս օրերին` ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով ներկաներին, իր Հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նրանց` ընդգծելով ազգային կյանքում ոստիկանի դժվարին առաքելության կարեւորությունը: «Այս առիթով ուժ եւ եռանդ ենք մաղթում Ձեզ, որպեսզի կարողանաք օրենքը եւ օրինականությունը պահպանել եւ հետամուտ լինել, որ մեր զավակներն իրենց կյանքն ապրեն հանգիստ եւ ապահով»,- նշեց Նորին Սրբությունը:

Իր հերթին, ՀՀ Ոստիկանության պետը շնորհավորեց Նորին Սրբությանը գալիք Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների առիթով, ապա անդրադարձավ ոստիկանների ծառայությանը եւ առկա մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում խոսվեց Հայ Եկեղեցու առաքելության, ինչպես նաեւ հասարակության մեջ հոգեւոր-բարոյական արժեքների սերմանման անհրաժեշտության մասին: