Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարին
Փետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նախարարին` մաղթելով բարի արդյունավորում կարեւոր ծառայության մեջ:
Նորին Սրբությունը, գուղատնտեսությունը նկատելով երկրի տնտեսության առաջնային ոլորտներից մեկը, ընդգծեց գյուղացիների հոգսի թեթեւացման անհրաժեշտությունը, որպեսզի գյուղական վայրերի բնակիչները կապված մնան հայրենի հողին, չլքեն իրենց օջախները` արտագնա աշխատանք փնտրելով օտար երկրներում:
Ս. Կարապետյանն իր հերթին ներկայացրեց առաջիկա ծրագրերը եւ ձեռնարկվելիք այն քայլերը, որոնցով հնարավոր կլինի փուլ առ փուլ լուծել ոլորտի խնդիրները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ նախարարը քննարկեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նախարարության միջեւ համագործակցության ուղիները: Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռի կողմից ներկայացուցիչ նշանակեց` համագործակցության առավել արդյունավետ կազմակերպման համար: