Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀԲԸՄ լայնածավալ ազգանպաստ գործունեությանը Սփյուռքի հայ համայնքներում եւ Հայրենիքում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ սերտ համագործակցությանը եւ քննարկվեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, գոհունակություն հայտնեց ՀԲԸՄ անդամների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ դրսեւորվող նվիրումի եւ աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռը առավել բարեզարդվում է, ինչպես նաեւ շարունակում է իրականացնել մի շարք կրթական եւ սոցիալական ծրագրեր: Հայապահպանության եւ հայորդիների քրիստոնեական, հայեցի դաստիարակության գործում Վեհափառ Հայրապետը մեծապես կարեւորեց ՀԲԸՄ գործակցությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հետ:
Իր խոսքում Նորին Սրբությունը նաեւ մասնավոր գնահատանք հայտնեց ՀԲԸՄ նախագահին եւ իր տիկին Վերա Սեդրակյանին, ում ազնիվ բարերարությամբ Մայր Աթոռում ներկայիս ընթանում են Հին Վեհարանի հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքները:
Իր հերթին ՀԲԸՄ նախագահը Նորին Սրբությունը ներկայացրեց Միության բազմաթիվ ծրագրերը, այդ թվում նաեւ Երեւան քաղաքում ՀԲԸՄ կենտրոնի կառուցման ընթացքը` վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի գործունեության ընդլայնմանը: Տիար Պերճ Սեդրակյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց Սփյուռքի տարբեր համայնքների վիճակի եւ թեմական կառույցների հետ ձեւավորված գործակցության մասին: Նա նաեւ ընդգծեց, որ ՀԲԸՄ ներկայիս գործունեության մեջ հիմնականում ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդին, նրա հայրենասիրական ոգու կերտմանը, ազգային ինքնության ամրապնդմանը, որով հայ համայնքներում իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր, ինչպես օրինակ` համացանցի միջոցով հայոց լեզվի ուսուցում եւ բազում այլ նախաձեռնություններ, նաեւ կազմակերպվում են ամառային ճամբարներ եւ Հայրենիք այցելություններ: ՀԲԸՄ նախագահը Միության անդամների անունից վերստին որդիական սերը հայտնեց Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ` վստահեցնելով, որ Միությունը շարունակելու է ըստ ամենայնի նպաստել Հայ Եկեղեցու առաքելության իրագործմանը հայ ժողովրդի կյանքում:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահին մաղթեց արդյունավետ գործունեություն հանուն Հայաստանի եւ Արցախի բարգավաճման, Սփյուռքի հայ համայնքների ազգային կյանքի զորացման, մեր ժողովրդի բարօրրության եւ նվիրական իղձերի իրականացման: