Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Մարտի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:
Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց ՀԲԸՄ ազգանպաստ գործունեության եւ Հայրենիքին, Սփյուռքին եւ Եկեղեցուն հանապազ մատուցվող արդյունավետ ծառայության համար: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիար Պերճ Սեդրակյանին նվիրյալ ոգու եւ նախանձախնդիր վերաբերմունքի համար հանդեպ Հայ Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Վեհափառ Հայրապետը եւ պրն. Սեդրակյանը անդրադարձան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության սերտ համագործակցությանը, քննարկեցին համատեղ իրականացվող կրթական, սոցիալական ծրագրերի ընթացքը:
Իր խոսքում ՀԲԸՄ նախագահը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբության բարձր գնահատանքի համար, ընդգծեց Հայ Եկեղեցու եւ հոգեւորականության կարեւոր դերը հայ ժողովրդի հոգեւոր եւ ազգային կյանքում եւ հավաստիացրեց, որ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը շարունակելու է աջակից լինել Հայ Եկեղեցուն` նշելով, որ Հայ Եկեղեցին եւ ՀԲԸՄ-ն միշտ միասնաբար են իրականացրել իրենց առաքելությունը մեր ժողովրդի կյանքում:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին հուզող մի շարք խնդիրների մասին: Կարեւոր նկատվեց Հայ Եկեղեցու եւ ՀԲԸՄ-ի համագործակցության առավել սերտացումը` մասնավորաբար ի նպաստ հայապահպանության եւ երիտասարդության քրիստոնեական, հայեցի դաստիարակության: