Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ՙԱնդրանիկ՚ սկաուտական բանակումի մասնակիցներին
Հուլիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ՙԱնդրանիկ՚ սկաուտական բանակումի 150 մասնակիցներին Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Սիրիայից:
Հանդիպման սկզբում Նորին Սրբությանն ընդունելության համար երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը` կարևոր նկատելով սկաուտների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Այնուհետև երիտասարդներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՙՄեզ համար հաճելի է տեսնել, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն այսպիսի գեղեցիկ մի նախաձեռնություն է իրականացնում, որ արդեն ավանդույթ է դարձել, և ամեն տարի մեր սիրելի հայորդիք որպես սկաուտներ գալիս են Հայաստան` նորոգելու իրենց ազգային ինքնությունը` հաղորդակցությամբ հայրենական սրբությունների և Հայրենիքի հետ: Մենք վստահ ենք, որ Հայաստանում կեցության այս օրերը ձեզ համար պիտի լինեն ոգեշնչող և ոգևորիչ, և դուք վերափոխություն պիտի ապրեք ձեր ինքնագիտակցության մեջ` առավել ճանաչելով ձեր Հայրենիքը, ձեր պատմությունը, պիտի դառնաք ավելի հպարտ` նախանձախնդիր ձեր ազգային ինքնության պահպանության նկատմամբ՚, - ասաց Նորին Սրբությունը:
Մեծապես կարևորելով բնության գրկում նման բանակումների կազմակերպումը` Վեհափառ Հայրապետը նշեց, որ դրանք պիտի նպաստեն ոչ միայն բնության նկատմամբ պատշաճ վերաբերմունքի դաստիարակմանը, այլև երիտասարդների հոգևոր ապրումի զորացմանը` ընկալելու և տեսնելու Աստծո ներկայությունն արարչության մեջ: Աստծո ճանաչողությամբ, հավելեց Նորին Սրբությունը, երիտասարդների հոգիներից ներս պիտի առատանա սերն առ Հայրենին, առավել զորանա նաև ազգային ոգին և ազգային ինքնության գիտակցությունը:
Վերջում Նորին Սրբությունը զրուցեց սկաուտների հետ նրանց առօրյայից, ապա բարի և հաջող կեցություն մաղթեց երիտասարդներին Հայրենիքում:
Հանդիպմանը ներկա էր ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը: