Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների շրջանառությանը հակազդելու համակարգող խորհրդի անդամներին
Մարտի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի անդամներին` ուղեկցությամբ ՀՀ Ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանի:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետը նախ ներկայացրեց համայն հայության հոգեւոր կենտրոնի պատմությունը եւ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում:
"Հաճելի մեզ համար տեսնել, որ այսպիսի համագործակցություն է առկա հատկապես թմրամոլության ոլորտին վերաբերող, որը, անշուշտ, նաեւ մեր մտահոգությունն է: Եվ մեր եկեղեցականներն էլ, բնականաբար, իրենց համապատասխան քարոզչությունն են իրականացնում, որպեսզի այդ երեւույթը տարածում չգտնի, իսկ եթե անձեր կան, որոնք այդ մոլորության ճիրանների մեջ են, կարողանան ձերբազատվել դրանից: Յուրաքանչյուր մոլություն եկեղեցական ընկալումով մեղք է, առավելաբար թմրամոլությունը, որն ուղղված է Աստծո պատկերը կրող մարդու բանականության, մտածողության բնական ընթացքի խանգարմանը",- ասաց Նորին Սրբությունը:Կոորդինացիոն խորհրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց եւ կատարված աշխատանքների արդյունքերը եւ ծրագրերը ներկայացրեց ԹԱՇՀԻՄՂԿԽ-ի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող Դաշնային ծառայության տնօրեն գեներալ Վիկտոր Չերկեսովը: «Մենք պարտավոր ենք զբաղվել մարդկանց փրկությամբ»,- նշեց Վ. Չերկեսովը` կարեւորությամբ ընդգծելով, որ իրավապաշտպան ծառայությունները համագործակցում են քաղաքացիական տարբեր կառույցների ու կրոնական հարանվանությունների հետ` պաշտպանելու մարդկանց այդ վնասակար երեւույթից եւ կանխելու թմրամիջոցների շրջանառության հանցագործության աճը: ՌԴ թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող Դաշնային ծառայության տնօրենը Նորին Սրբությանը մասնավորաբար տեղեկացրեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ այդ ոլորտին վերաբերող համագործակցության մասին: