Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԱՊԿ անդամ պետությունների ՆԳ նախարարներին

Ապրիլի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի նախարարներին` գլխավորությամբ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի:

Հանդիպմանը ՀՀ Ոստիկանապետը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների երեւանյան հավաքի նպատակը եւ մանրամասները:

Ողջունելով հյուրերին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց հավաքի մասնակիցներին` հաջողություններ մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը էական նկատեց համագործակցությունը` ՀԱՊԿ անդամ երկրների առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման գործում:

Ընթացքում անդրադարձ կատարվեց հասարակության մեջ բարոյական արժեքների ամրապնդման անհրաժեշտությանը, ինչում մեծապես կարեւորվեց Եկեղեցու առաքելությունը: