Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին 15.12.2015
Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Մայր Աթոռում

     Դեկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պակ Ռո Բյոկին (նստավայրը` Մոսկվա):
     Նորին Սրբությունը, նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին, կարևոր համարեց, որ երկու պետությունների համար փոխհարաբերությունների նոր շրջան է բացվում, ինչի արդյունքում պիտի զորանան նաև միջմշակութային ու միջկրոնական կապերը:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Կորեայի եկեղեցիների հետ Մայր Աթոռի  Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի համագործակցությանը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը վերհիշեց 2013 թ. Կորեայի Բուսան քաղաքում անցկացված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովին բերած իր մասնակցությունը և շփումը Կորեայում գործող Քրիստոնեական Եկեղեցիների հետ:
Իր հերթին Կորեայի դեսպանը վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում կփորձի լավագույն կերպով նպաստել հայ-կորեական բարեկամական հարաբերությունների ընդլանմանն ու արդյունավետ գործակցության ամրապնդմանը:
Վերջում Նորին Սրբությունը պրն. Պակ Ռո Բյոկի` Հայաստանում իրականացվելիք դիվանագիտական առաքելությանը բարի արդյունավորում մաղթեց:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: