Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիևի Պեչորյան վանքի ուխտավորներին
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Կիևի (Ուկրաինա) Պեչորյան վանքի ուխտավորներին:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, իր գնահատանքի և օրհնության խոսքը բերելով նրանց, գոհունակություն հայտնեց, որ Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու բարեպաշտ զավակներն ուխտավորաբար այցելել են Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նորին Սրբությունը ներկայացրեց նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մոսկվայի Պատրիարքության միջև ձևավորված եղբայրական հարաբերությունները և առկա սերտ գործակցությունը:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու կյանքում վանականության ունեցած մեծ դերակատարությանը, ներկայիս հոգևոր կյանքին և Հայ Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Տիրոջ ողորմությամբ Ուկրաինայի ժողովուրդը հավատքով և աղոթական ոգով կարողանա դիմագրավել իր առջև ծառացած բոլոր դժվարությունները, և խաղաղության, սիրո ու եղբայրության ոգին մշտապես առաջնորդող լինի վերջինիս կյանքում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: