Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի Խորհրդարանի նախագահին
Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությանը:
Նորին Սրբությունը, ողջունելով Խորվաթիայի Խորհրդարանի նախագահի այցը Մայր Աթոռ` ուրախություն հայտնեց երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունների եւ ամրապնդվող համագործակցության առիթով: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը եւ հայոց կյանքում քրիստոնեական հավատի կարեւորությանը. «Մեր ժողովրդի էության մեջ ներհյուսված է քրիստոնեական հավատը, որը նաեւ մեր մշակույթն է կերտել եւ մեր կենցաղը կրթել»:
Իր հերթին Լուկա Բեբիչն երախտագիտություն հայտնեց ընդունելության համար եւ խոսեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունների մասին` կարեւորելով երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգեւոր կյանքին, կրոնների եւ քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությանը: Խորվաթիայի խորհրդարանի նախագահին Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու հարաբերությունները քույր Եկեղեցիների հետ եւ ներգրավվածությունը միջկրոնական երկխոսության մեջ հանուն ժողովուրդների խաղաղ եւ ապահով կյանքի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը եւ Խորվաթիայի Խորհրդարանի նախագահն անդրադարձան նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրներին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը եւ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: