Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խարկովի նահանգապետին
Հոկտեմբերի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի Խարկովի նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին եւ պետական տարբեր մակարդակներում իրականացվող համագործակցությանը: Իր խոսքում Նորին Սրբությունն վերհիշեց Հայրապետական այցը Ուկրաինայի Խարկովի մարզ 2004թ.` նորակառույց հայկական եկեղեցու օծման առիթով: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ի դեմս նահանգապետի մարզային իշխանություններին` հայ համայնքի եւ Հայ Եկեղեցու հանդեպ ցուցաբերվող բարյացկամ եւ հոգատար վերաբերմունքի համար` հորդորելով ներկա հայորդիներին իրենց կյանքի ընթացքով, բարի գործերով միշտ բարձր պահել հայ ժողովրդի վարկը` դարավոր եղբայրական կապերի ոգու համաձայն:
Հանդիպմանը ներկա էր Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը: