Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին:
Քաղաքապետ Ժերար Կոլոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ իր համար մեծ ուրախություն է Հայաստան այցելելը: Քաղաքապետն ուրախությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամությանը միջպետական, մշակութային և հոգևոր ոլորտներում:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են զարգանում, իսկ տարբեր քաղաքների միջև կապերը սերտանում են և ձևավորվում են համագործակցության նոր հեռանկարներ: Նորին Սրբությունը նաև ուրախությամբ վերհիշեց Ֆրանսիա կատարած հովվապետական այցի ընթացքում իր ունեցած հանդիպումը Լիոնի քաղաքապետի հետ:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին` ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի զավակներին ընդունելու և նրանց` կյանքի վերակազմակերպման ու երկրի կյանքին լիարժեք մասնակցության հնարավորություններ ընձեռելու համար: ՙՄեր ժողովուրդը երախտապարտ է ֆրանսիայի իշխանություններին նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար՚, - նշեց Վեհափառ Հայրապետը` հավելելով, որ հայ ժողովուրդը շարունակելու է հետամուտ լինել ցեղասպանության ճանաչմանը, որպեսզի արդարությունը հաղթանակի, և երբեք նման ոճիր այլևս տեղ չգտնի մարդկության կյանքում:Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ երկու երկրների ու ժողովուրդների հարաբերություններն ամուր ու անխախտ մնան և ծառայեն մարդկության խաղաղությանն ու բարօրությանը: