Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի նախագահին
Դեկտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Վեհափառ Հայրապետը ողջունեց Լիբանանի նախագահի այցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն` անդրադառնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հիմնադրման պատմությանը և առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: ՙՄեր ազգային և եկեղեցական պատմությունը հարուստ է մեր երկու ժողովուրդների բարեկամության վերաբերյալ վկայություններով: Եվ ուրախ ենք, որ այսօր հարաբերությունները Հայաստանի և Լիբանանի միջև դարավոր այդ բարեկամության ոգուն համահունչ են զարգանում, վերականգնվում են փոխայցելությունները՚, - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ընդգծելով, որ Լիբանանը առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդի հոգում:
Իր խոսքում Նորին Սրբությունն ի դեմս Լիբանանի նախագահի շնորհակալություն հայտնեց Լիբանանի իշխանություններին և ժողովրդին հայոց մեծ ողբերգությունը` Ցեղասպանությունը ճանաչելու և դատարպարտելու համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին ցուցաբերվող զորակցության համար:
Իր հերթին Լիբանանի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա գնահատանքով անդրադարձավ հայերի պատմական ներկայությանը Լիբանանում և կարևոր ծառայությանը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Պրն. Միշել Սլեյմանը նաև հույս հայտնեց, որ Նորին Սրբությունն առաջիկային կայցելի Լիբանան:
Հանդիպմանը նաև անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի և հարատև զորացնի բարեկամությունը երկու ժողովուրդների:
Այնուհետև Նորին Սրբությունը նախագահին առաջնորդեց Մայր Տաճար և Մայր Տաճարի թանգարան: