Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ժամանակավոր հավատարմատարին
Հոկտեմբերի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթթալային:
Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստան-Լիբանան հարաբերություններին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ դրանք մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատկությամբ: Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին` պատմության ընթացքում և այսօր էլ հայերի հանդեպ ցուցաբերած բարյացակամ և մարդասեր վերաբերմունքի համար:
Իր հերթին, Լիբանանի ժամանակավոր հավատարմատարը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվելու համար, հավաստիացրեց, որ ամեն ջանք գործադրելու է երկու երկրների հարաբերությունների առավել սերտացման և ամրապնդման, ինչպես նաև տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Խոսելով Լիբանանի կառուցման գործում լիբանանահայերի մեծ վաստակի մասին` պրն. Աթթալան հատկապես կարևորեց հայության գործուն մասնակցությունը Լիբանանի տնտեսական կյանքում:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված պահի ու պահպանի Լիբանանը խաղաղության և անվտանգության մեջ, իսկ հավատարմատարին շնորհի բարի և արդյունաշատ առաքելություն Հայաստանում: