Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետին
Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաեւ մարզային մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի եւ Լենինգրադի մարզերի միջեւ առկա բարեկամությունը եւ ակտիվ համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց, որ նման գործակցության շնորհիվ պահպանվում են այն բարի ավանդույթները, որ դարեր շարունակ ձեւավորվել են երկու ժողովուրդների միջեւ` նպաստելով նաեւ փոխճանաչողությանն ու ջերմ հարաբերությունների առավել սերտացմանը:
Անդրադառնալով ՌԴ Լենինգրադի մարզում բնակվող հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նահանգապետին` հայ ժողովրդի զավակների նկատմամբ մարզի իշխանությունների կողմից մշտապես դրսեւորվող ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի, որի շնորհիվ հայ համայնքը լիարժեքորեն ապրում է իր ազգային-հոգեւոր ու մշակութային կյանքով` իրենց ներդրումն ունենալով նաեւ մարզի զարգացման գործում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ երկու ժողովուրդների կյանքում քրիստոնեական հավատի եւ արժեքների դերակատարության, ինչպես նաեւ Արագածոտնի մարզում գտնվող նշանավոր սրբատեղիների եւ հայ ժողովրդի կյանքում դրանց կարեւոր նշանակության մասին:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: