Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Հանրապետության վարչապետին
Մարտի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Ֆրանցիշեկ Տուսկին:
Ամենայն Հայոց Հայրապետը կարեւորեց երկու երկրների միջեւ շփումները տարբեր մակարդակներում, որոնք ընդլայնվում են եւ նորանոր ոլորտներ ընդգրկում: Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների միջեւ եղած պատմական առնչություններին, ապա ի դեմս վարչապետի, իր գնահատանքը հայտնեց Լեհաստանի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Հայոց Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ Լեհաստանի իշխանությունների աջակցությամբ Լեհաստանի հայ համայնքն առաջիկայում կունենա իր հոգեւոր հովիվը, ով կկազմակերպի համայնքի հոգեւոր կյանքը:
Իր հերթին Լեհաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա անդրադարձավ հայ-լեհական հարաբերություններին: Վարչապետը մեծապես կարեւորեց նաեւ հավատի դերը եւ Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում` անդրադառնալով Լեհաստանի ժողովրդի հոգեւոր կյանքին:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա հարաբերություններին, ինչպես նաեւ Հռոմի Սրբազան քահանայապետ Հովհաննես Պողոս Բ պապի Հայաստան կատարած այցին: