Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Հանրապետության նախագահին
Հուլիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Հանդիպմանը ներկա էին նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Լեհաստանի նախագահի այցը ամենայն հայոց հոգևոր կենտրոն, անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ քրիստոնեական հավատը և արժեքներն են հիմքը կազմում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության, որից դրդված դարերի ընթացքում հայորդիները տարբեր պատմական հանգամանքներում ապաստան են գտել հավատակից եղբայր լեհ ժողովրդի հյուրընկալ երկրում: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը, ի դեմս Լեհաստանի նախագահի, շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանություններին և ժողովրդին այսօր ևս լեհահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի և աջակցության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի և Լեհաստանի միջև փոխհարաբերությունների առավել սերտացման և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման առիթով:
Իր հերթին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ուրախություն հայտնեց Հայոց Եկեղեցու նվիրական կենտրոնում գտնվելու առիթով, անդրադարձավ դարերի ընթացքում հայ համայնքի կարևոր դերակատարությանը Լեհաստանի կյանքում: Իր խոսքում տիար Կոմորովսկին ընդգծեց, որ Լեհաստանը պետք է ոչ միայն շարունակի պահպանել բարեկամությունը, այլև նպաստի համագործակցության զարգացմանը և նաև իբրև Եվրամիության նախագահող երկիր` զորակից լինի Հայաստանին Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ փոխհարաբերությունների մասին: Վերջում Նորին Սրբությունը առաջընթաց և բարօրություն մաղթեց Լեհաստանի ժողովրդին` հորդորելով շարունակել պահպանել հավատի խորը զգացումը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Լեհաստանի հայ համայքի հոգևոր հովիվ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը: