Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Հանրապետության Սենատի Մարշալին
Նոյեմբերի 7-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Հանրապետության Սենատի Մարշալ Բոգդան Բորուսեւիչի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը` ՀՀ ԱԺ ներկայացուցիչների եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:
«Նման այցելությունները գալիս են նպաստելու մեր երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ հարաբերությունների սերտացմանը»,- ընդգծեց Նորին Սրբությունը` անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը եւ երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցությանը: Ի դեմս Լեհաստանի Սենատի Մարշալի Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց Լեհաստանի Հանրապետության իշխանություններին` 2005 թվականին Լեհաստանի Սեյմում Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ հայ համայնքի հանդեպ մշտապես ցուցաբերվող ազնիվ ու բարյացակամ վերաբերմունքի համար: Նորին Սրբությունը նաեւ շնորհավորեց պրն. Բորուսեւիչին նոյեմբերի 11-ի Լեհաստանի Անկախության օրվա առիթով` մաղթելով լեհ աստվածասեր ժողովրդին խաղաղ եւ բարօր կյանք:
Իր հերթին պրն. Բորուսեւիչը, խոսելով լեհ-հայկական դարավոր հարաբերությունների մասին, նշեց Լեհաստանի պատմության մեջ հայերի կարեւոր ներդրման մասին: «Ճիշտ է ներկայիս մեր հարաբերություններն այդչափ սերտ չեն, ինչպես անցյալում, սակայն համակրանքը Հայաստանի եւ հայերի հանդեպ պահպանվում է...: Մենք հոգեւոր կապ ենք զգում հայ ժողովրդի հետ, ունենք նաեւ պատմական նմանության զգացում»,- նշեց Սենատի Մարշալը:
Հանդիպման ընթացքին Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ Լեհաստանում ապրող հայ համայնքի հոգեւոր եւ եկեղեցական կյանքի կազմակերպման խնդրին: Այս առնչությամբ պրն. Բորուսեւիչը տեղեկացրեց, որ առաջիկայում Լեհաստանի իշխանությունները պաշտոնապես կգրանցեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եւ համայնքը:
Հանդիպմանը խոսվեց նաեւ երկու ժողովուրդների կյանքում իրենց եկեղեցիների կարեւոր առաքելության մասին: