Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լատվիայի Հանրապետության նախագահին
Դեկտեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զադլերսին` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Ողջունելով Լատվիայի Հանրապետության նախագահի այցը Հայոց հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ ժողովրդի կյանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ առհասարակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ունեցած դերն ու նշանակությունը, անցած պատմական ուղին: Անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների բարեկամությանը` Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Լատվիայի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգածության համար: «Ուրախ ենք, որ մեր ժողովրդի զավակները Ձեր երկրում ամբողջովին վայելում են պետության ընձեռած հնարավորությունները եւ կարող են ապրել հոգեւոր ու ազգային կյանքով: Այսօր Լատվիայում կա հայկական եկեղեցի կիրակնօրյա հայկական դպրոց, որ Աստծո ողորմածությամբ հույս ունենք դարձնել ամենօրյա: Մեր երախտագիտությունը, բարեմաղթանքներն ու օրհնոթյունն ենք բերում Ձեզ ու Ձեր երկրին` աղոթելով, որ հետայսու եւս ապրեք խաղաղ ու բարօր կյանքով: Մենք փոքր ժողովուրդներ ենք եւ, հաճախ, գտնվելով օտարի լծի տակ, լավ գիտենք խաղաղության արժեքը: Թող Աստված օրհնի բոլոր բարեսեր մարդկանց եւ հաջողությամբ պսակի նրանց բոլոր խաղաղասիրական ձեռնարկները»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լատվիայի նախագահը իր հերթին նշեց, որ հայ ժողովրդի զավակները, լինելով Լատվիայի օրինավոր քաղաքացիներ, իրենց ներդրումն են բերում երկրի զարգացմանը: Նախագահը կարեւորեց նաեւ եկեղեցու հոգեւոր դերակատարությունը ներկայիս հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքում:
Այցի ավարտին Լատվաիյի նախագահն ու նրան ուղեկից պատվիրակությունը եղան Մայր Տաճարում, Վեհարանի թանգարանում: