Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԼՂՀ նախագահին

Փետրվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ողջունելով Արցախի նախագահի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը վերստին շնորհավորեց Բակո Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթեց նույն նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իր ծառայությունը բերել հավատավոր արցախահայությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ այն ոգին, որի ականատեսն է եղել Արցախ կատարած այցերի ընթացքին, շարունակվի դրսեւորվել արցախահայության կյանքի բոլոր բնագավառներում, եւ հաղթանակներն ու հաջողությունները միշտ ուղեկից լինեն նրանց: Իր խոսքում Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի իր զորակցությունը բերել Արցախի առաջընթացին:

Վեհափառ Հայրապետը նաեւ իր գոհունակությունը հայտնեց ԼՂՀ նախագահին` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հանդեպ դրսեւորվող բարյացակամ վերաբերմունքի եւ այն աջակցության համար, որ իշխանությունները ցուցաբերում են Արցախի հայոց թեմին:

Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, անդրադարձ ունեցավ Լեռնային Ղարաբաղի կացությանը, տնտեսության զարգացման ծրագրերին եւ հեռանկարներին` կարեւորությամբ նշելով, որ Արցախը միշտ զգացել է Մայր Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Հայրապետի աջակցությունը: Խոսքի ավարտին նախագահը առաջարկեց Նորին Սրբությանը, որպեսզի ավանդույթ ձեւավորվի, եւ ամեն տարի, եկեղեցական նշանակալի որեւէ տոնի առիթով, Վեհափառ Հայրապետն այցելություն կատարի Արցախ եւ իր անմիջական մասնակցությունը բերի Արցախում կազմակերպվող տոնակատարությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին: Ամենայն Հայոց Հայրապետը եւ ԼՂՀ նախագահը կարեւոր նկատեցին, որ ընտրություններն անցնեն օրինականության շրջագծի մեջ, խաղաղության եւ համերաշխության մթնոլորտում, որպեսզի մեր կյանքում տեղ չգտնեն այնպիսի քայլեր ու երեւույթներ, որոնք կարող են վնասել ժողովրդի արժանապատվությունը, ստվերել ազգի, պետության վարկն ու հեղինակությունը` վտանգներ ստեղծելով պետականության եւ Հայաստանում ու Արցախում թանկ գնով ձեռք բերված նվաճումների համար:

Հանդիպմանը ներկա էին Արցախի հայոց թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: