Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի փոխվարչապետին
Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի:
Նորին Սրբությունը, ողջունելով Իրաքի փոխվարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց երկու ժողովուրդների միջեւ պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, փոխըմբռնման ու համագործակցության ոգով: Ամենայն Հայոց Հայրապետը այս առնչությամբ գոհունակություն հայտնեց, որ համահունչ այդ բարեկամությանը երկու երկրների փոխհարաբերությունները նոր որակ են ձեռք բերում` ուղենշելով համագործակցության տարբեր ոլորտներ:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնավոր անդադարձ կատարեց Իրաքի հայ համայնքին` ուրախությամբ նշելով, որ երկրի խնդիրների կարգավորման հետ մեկտեղ առաջընթաց է ապրում նաեւ հայ համայնքը` վերադառնալով իր բնականոն կյանքին: Նորին Սրբությունը խոսեց նաեւ Իրաքի հայոց թեմի գործունեության, միջեկեղեցական-միջկրոնական հարաբերություններում փոխհասկացողության, համերաշխության եւ եղբայրական ոգու զորացմանն ուղղված թեմի ջանքերի մասին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոխվարչապետի միջոցով իր գնահատանքը հղեց Իրաքի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ունեցած ուշադրության, ինչպես նաեւ այն օժանդակության համար, որ ցուցաբերվում է համայնքի ազգային-եկեղեցական կառույցերի վերակառուցման եւ հաստատման գործում:
Իր հերթին, Իրաքի փոխվարչապետը, ուրախություն հայտնելով հայոց հոգեւոր կենտրոն իր առաջին այցի առիթով, Վեհափառ Հայրապետին փոխանցեց Իրաքի նախագահի եւ վարչապետի ջերմ ողջույնները: Պրն. Շաուեյսը նշեց, որ ամեն ջանք պետք է գործադրվի երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները պահպանելու համար: Իրաքի փոխվարչապետն ընդգծեց նաեւ Հայ եկեղեցու եւ հայ համայնքի կարեւոր եւ դրական դերակատարությունը երկրի կյանքում:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված արդյունավորի երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերը եւ հաստատուն խաղաղության մեջ պահի Իրաքը եւ նրա աստվածասեր ժողովրդին: